«Ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի», «Նիկոլը թող հեռանա, հետո կորոշենք»: Այս և նույնաբովանդակ այլ «գաղափարներով են» տոգորված Հայաստանի բնակիչներից շատերը:
Այսպիսի իրավիճակ էր նաև 1996, 2008 և 2018 թվականներին` «Ով ուզում է լինի, միայն Լևոնը (Ռոբերտը, Սերժը) չլինի»:
Ինչպես ասացի, այսպես է մտածում բնակչության մի մասը:
«Նիկոլը (Լևոնը, Ռոբերտը, Սերժը) չլինի, բա ո՞վ լինի»: Սա էլ բնակչության մյուս մասի «գաղափարն է» այժմ և նախկինում:
Իսկ ինչպիսի՞ հասարակարգ և կառավարման մոդել է Հայաստանին անհրաժեշտ, ու՞մ հետ, հետևաբար` ու՞մ դեմ, Հայաստանը պետք է «ընկերություն» անի, ինչպիսի՞ն պետք է լինեն մեր առողջապահական, սոցիալական, բնապահպանական, քաղաքաշինական, հարկային և մնացած ոլորտները: Այս հարցերը Հայաստանի բնակչության մեծ մասին չեն հետաքրքրում:
Վերջերս քաղաքական հարթակ դուրս եկավ նոր քաղաքական միավոր: Այնպես, ինչպես միշտ հանրահավաք, հանրահավաքի նույն կամ գրեթե նույն մասնակիցներ, նույն խոսակցություններ: Մի կողմից` «Ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի», մյուս կողմից` «Նիկոլը չլինի, բա ո՞վ լինի»:
Անկեղծ` հոգնեցուցիչ է:
Լավ, մի կողմ թողնենք բնակիչներին: Բա քաղաքական միավորնե՞րը:
Օրինակ, «Մեր ձևով» նախաձեռնությունը:
Եթե չեմ սխալվում, վերջինս իշխանությունը ստանձնելու հայտ է ներկայացրել: Վաղն առաջարկելու են մեզ ընտրել իրենց: Իսկ ինչու՞ ընտրողը պետք է ընտրի այդ նախաձեռնությանը: Արդյո՞ք վերջինիս ծրագրերի համար: Չեմ կարծում: «Մեր ձևով»-ին բնակիչները կընտրեն միայն «Ով ուզում է լինի, միայն Նիկոլը չլինի»-ի համար: Կանցնի ևս 10 տարի: Ի հայտ կգա պայմանական «Իրենց ձևով» նախաձեռնությունը: Բնակիչները կգնան ընտրությունների և կքվեարկեն «Ով ուզում է լինի, միայն «Մեր ձևով»-ը չլինի»- ի օգտին: Եվ, այսպես շարունակ: Իսկ, այդ ընթացքում, նորմալ պետություններում ընտրողները քաղաքական ծրագրերի միջև են ընտրություն կատարում: Եվ, նրանցից որևէ մեկի մոտ չի առաջանում «Դոնալդը (Բենյամինը, Էմանուելը, Ֆրիդրիխը) չլինի, բա ո՞վ լինի» հարցը:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ